Բունդեսվերը Ռուսաստանին մեղադրել է Լիտվայում...

Լիտվայում DHL բեռնատար ինքնաթիռի վթարը կարող է լինել մի տեսակ «թեստ» Ռուսաստանի կողմից՝ «թույլ կետերը բացահայտելու համար», ARD-ի եթերում ասել է Բունդեսվերի գլխավոր տեսուչ Կարսթեն Բրոյերը, որը մեջբերում է Die Welt թերթը։

«Այս ամառ մենք արդեն բախվել ենք նմանատիպ իրավիճակի, և այժմ կա մի միջադեպ, որն ինչ-որ կերպ տեղավորվում է այս օրինաչափության մեջ»,- ասել է տեսուչը։ Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծում է մի իրավիճակ, որը «այլևս խաղաղ չէ, բայց դեռ պատերազմ չէ», որպեսզի ստուգի, թե որքան հեռու ինքը կարող է գնալ:

DHL Boeing 737-800 ինքնաթիռը վթարի է ենթարկվել անցյալ երկուշաբթի Վիլնյուսի օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և երկու ուղեւոր։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ինքնաթիռը կործանվել է բնակելի շենքի մոտ:

Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները նախազգուշացրել էին, որ Ռուսաստանը կարող է մեծ թվով դիվերսիաներ կազմակերպել Եվրոպայում և հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակայանների վրա՝ ի պատասխան Ռուսաստանի տարածքի վրա հեռահար արևմտյան զենքով կրակելու Ուկրաինայի թույլտվության։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում DHL-ի պահեստներում հրդեհվել էին էլեկտրական մերսիչներ, որոնց ներսում մագնեզիումի հիմքով դյուրավառ նյութ էր: Մասնավորապես, հրդեհներից մեկը տեղի է ունեցել Լայպցիգի օդանավակայանում։ The Wall Street Journal-ի (WSJ) աղբյուրները արևմտյան հետախուզական ծառայություններում այս միջադեպերը կապում են ՌԴ ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (GRU) գործողությունների հետ, որը, նրանց կարծիքով, դիվերսիա էր նախապատրաստում ԵՄ-ում։

Միևնույն ժամանակ WSJ-ի զրուցակիցները նշել են, որ եթե ռուսական հատուկ ծառայության դիվերսիոն գործողություններից մեկը հանգեցնի ավիավթարի, դա կարող է առաջացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության լուրջ սրացում։ Նրանք նաև խոստովանել են, որ տեղեկություն չունեն, թե արդյոք GRU-ի գործողությունները համաձայնեցված են Կրեմլի հետ։

Եվրոպացի պաշտոնյաները Bloomberg-ին հայտնել են, որ անհանգստացած են ռուսական դիվերսիաների աճով: Միևնույն ժամանակ, Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը խոստովանել է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում Մոսկվայի կողմից հիբրիդային գործողությունների լայնածավալ կիրառման պատճառով կարող է անհրաժեշտ լինել վկայակոչել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պաշտպանության մասին կետը։