Բուլղարիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանու...

Սոֆիայի Երևանի այգու խաչքարի առջև 2025 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանության 110-ամյակին նվիրված արարողությունը սկսվել է աղոթքով ավագ քահանա Գուսանի կողմից՝ ի հիշատակ Մեծ եղեռնի տարիներին զոհված և սրբադասված հայերի։ Միջոցառումը վարում էր Երևան թերթի Գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանը։

Ինչպես տեղեկացնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն ընդգծել է.

«Պատմությունը հիշելը միայն հիշատակի արարողություն չէ, այն պատասխանատվություն է։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելու, այլև վերահաստատելու մեր հանձնառությունը՝ երաշխավորելու, որ նման հանցագործությունները այլևս երբեք չկրկնվեն»։

Դեսպանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բուլղար ժողովրդին Ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու համար, ինչպես նաև հորդորել է հայ համայնքին ողջ հայության ջանքերն ու ներուժն ուղղել Հայոց պետականության կայացման ու զարգացման նպատակին՝ ընդգծելով, որ հենց ինքնիշխան պետությունն է հայ ժողովրդի կենսունակության ամենամեծ գրավականը և հայ ժողովրդի՝ ապրելու անկոտրում կամքի խորհրդանիշը։

Հայոց ցեղասպանության 110-ամյակի հիշատակման արարողությունը նշանավորվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Նատալյա Կիսելովայի ներկայությամբ։ Միջոցառմանը տիկին Կիսելովան հանդես է եկել ելույթով, որտեղ արտահայտել է իր անձնական վերաբերմունքը 1915 թվականին հայ ժողովրդին բաժին հասած ողբերգության նկատմամբ։

«Ապրիլի 24-ը տխուր օր է ոչ միայն համաշխարհային պատմության, այլև Բուլղարիայի պատմության մեջ, քանի որ մենք հիշում ենք հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում։ Բուլղարական պետությունը, ինչպես նաև Բուլղարիայի քաղաքացիները բացում են իրենց տներն ու սրտերը իրենց հայրենիքից վտարված հայերի առջև։ Այսպիսով, արդեն 110 տարի մենք հիշում ենք, որ չպետք է լինի հալածանք ծագման, ազգային պատկանելության, կրոնի կամ հավատքի հիման վրա։ Որ չպետք է լինի խտրականություն մարդկանց միջև, քանի որ մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ»։

Նա նաև նշել է, որ հայերը, ովքեր ընտրել են մնալ և ապրել Բուլղարիայում, բուլղարական հասարակության անբաժանելի մասն են կազմում՝ իրենց ներդրումն ունենալով հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։ Բուլղարիայի խորհրդարանի նախագահը պատվել է միջոցառումը՝ հետևելով ողջ ծրագրին և ուշադիր լսելով յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր կատարում։

Սոֆիայի քաղաքային խորհրդի փոխնախագահ Վիլլի Լիլկովը նշել է, որ լիազորված է Սոֆիայի քաղաքային խորհրդի նախագահ պարոն Ցվետոմիր Պետրովի և բոլոր քաղաքային խորհրդականների անունից կարդալ հայ համայնքին ուղղված հատուկ ուղերձը։

Ծրագրի գեղարվեստական մասում հնչել են Նարեկացու (ՀԲԸՄ-Սոֆիայի «Բարձր Լեռ» շրջանավարտներ) և Հովհաննես Թումանյանի (Թերեզա Մկրտչյան, Հայաստան) բանաստեղծությունների կատարումները։

Մերի Բալյանն ընթեցել է իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է նրանց մի մասը գոյատևել՝ նախքան Դեր Զորի մահվան երթերին հասնելը։

Բուլղարահայ հայտնի կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանը ներկաներին նվիրել է իր երկու ստեղծագործությունները՝ «Հայի աչքեր» և «Մոմ վառիր»:

Ծաղկեպսակներ են զետեղվել Բուլղարիայի խորհրդարանի խոսնակ տիկին Կիսելովայի, ԲՀ փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի, Թրակիացիների ընկերությունների միության նախագահ Կրասիմիր Պրեմյանովի, քաղաքային խորհրդի փոխնախագահ պրոֆեսոր Վիլի Լիլկովի, Բուլղարիայի նախկին վարչապետ Ռենետա Ինջովայի կողմից։