
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը երեկ նեղսրտել էր իր մասին գրված մի հոդվածի առիթով։ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր հոդված, որում ներառել էինք նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալու պայքարի մասին՝ զուգահեռ գրելով նրա կենսագրության և հայտարարագրի վերաբերյալ։ Տեխնիկական փոքրիկ վրիպակը Արուսյակ Ջուլհակյանն օգտագործեց որպես առիթ՝ վիրավորանքի և իր մաղձը թափելու համար։ Սակայն, եկեք խոսենք փաստերով։ Ջուլհակյանը գրել էր. «…Ես իհարկե հասկանում եմ, որ ամենալուրջ «կեղտը», որ կարողացել եք գտնել ինձ վրա, հիփոթեքով բնակարանն է, որը նույնիսկ դեռ չեն հանձնել ինձ շահագործման, բայց դա մի կողմ․․․»։ Բնակարան գնելը «կեղտ բռնել» համարող պատգամավորին ամեն դեպքում կարող ենք ասել, որ բնակարան գնելը մեղք չէ։ Իսկ որ բնակարան եք գնել միայն պատգամավոր դառնալուց հետո և գործուղումների ու պարգևավճարների շնորհիվ հարստանալու հաշվին եք այն ձեռք բերել, իբրև փաստ անհերքելի է։ «Ես չունեմ վարկեր և փոխառություններ տարբեր բանկերից: Բանկերից այլ բան ունեմ, բայց, թե այ ինչ, կիմանաք, երբ հայտարարագիր կարդալ սովորեք», – գրել էր Ջուլհակյանը։ Իբրև վարկ-փոխառություն՝ պատգամավորը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել է 2 մլն 826 հազար դրամ վարկ։ Հավելում կատարելով նախորդ նյութին՝ նշենք, որ իբրև տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում Արուսյակ Ջուլհակյանը ստացել է գրեթե 2,3 մլն դրամ և 525 դոլար գումար։ Ահա այսպես հեղափոխությունից հետո ՔՊ-ական շատ պատգամավորներ ոչ միայն կայուն աշխատանք ունեն, այլև տներ ու մեքենաներ են ձեռք բերում, ամառանոց ու ավտոտնակ՝ հընթացս վիրավորելով լրագրողներին: Խաղաղվե՛ք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք վաղուց մերժված «նախկիններից» ավելի եղկելի եք, ավելի կոռումպացված ու ավելի երեսպաշտ: Սա արդեն կայուն կարծիք է ՀՀ-ում դարձել»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: