Բուլղարիան հույս ունի մինչև 2024 թվականի հունվարը միանալու Շենգենյան գոտուն՝ առնվազն օդային ճանապարհորդությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Euractiv հարթակը՝ վկայակոչելով Բուլղարիայի խորհրդարանում իր աղբյուրներին։
Իր հերթին Եվրախորհրդարանում Բուլղարիայի պատգամավոր Անդրեյ Կովաչևն ասել է, որ Վիեննան, հավանաբար, Շենգենին Բուլղարիայի անդամակցությանն իր համաձայնությունը չի տա մինչև Ավստրիայում խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան մինչև 2024 թվականի սեպտեմբերը։
«Նրանց (խմբ․՝ Ավստրիայի) ներքին գործերի նախարարը որոշել է, որ այս թեման կարող է իրենց ևս մի քանի տոկոս տալ, ինչը կբարելավի ընտրություններում իրենց արդյունքը», - նշել է Կովաչևը։
Միևնույն ժամանակ, պատգամավորի խոսքով՝ Սոֆիայում կարծում են, որ Բուլղարիան և Ռումինիան պետք է միասին միանան Շենգենյան գոտուն, այլապես «ստիպված կլինեն ԵՄ արտաքին սահման ստեղծել Դանուբ գետի երկայնքով», որը բաժանում է երկու երկրները։
Նիդերլանդները ևս վետո է դրել Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցության վրա։ Կովաչևի կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ «Նիդերլանդներում բնակվող բուլղարացիները չարաշահում են երկրի սոցիալական աջակցության համակարգը»:
Ըստ Euractiv-ի՝ նոյեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը Նիդերլանդների խնդրանքով պատրաստակամություն է հայտնել Բուլղարիա ուղարկել հերթական փաստահավաք առաքելությունը՝ կապված Շենգենին անդամակցության գործընթացի հետ։
2022 թվականի դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում Շենգենյան գոտուն միանալու Ռումինիայի և Բուլղարիայի հայտերը մերժվել էին Ավստրիայի և Նիդերլանդների ձայներով։
Շենգենյան գոտում ընդգրկված երկրների քաղաքացիների համար ներքին սահմաններին վիզային հսկողությունը վերացվել է։ Ներկայում Շենգենյան գոտին ներառում է 27 երկիր, որոնցից 23-ը Եվրամիության անդամներ են:



