Վարդան Ղուկասյանի փեսան պայմանավորվե՞լ է ՔՊ-ի...

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք կալանքը շատ հաճախ ընկալվում է ոչ միայն որպես քրեական դատավարության միջոց, այլև որպես քաղաքական ճնշման գործիք։ Հենց այդ պատճառով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Դեռ մինչև դատարանի որոշումը լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունները բանակցություններ են վարում Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող և «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժից պատգամավորության թեկնածու Ավետիս Առաքելյանի հետ։ Ըստ այդ տեղեկությունների՝ եթե ընդդիմադիր ավագանին տապալի նոր քաղաքապետի ընտրությունը և ՔՊ-ն հնարավորություն ստանա գնալու նոր ընտրությունների, ապա դրա դիմաց պետք է փոխվի Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը։ Այժմ, երբ կալանքն իսկապես փոխվել է, այդ խոսակցությունները նոր ուժով են շրջանառվում։

Եթե նման գործարք իսկապես տեղի է ունեցել, ապա դա վաղուց արդեն միայն Գյումրու խնդիրը չէ։ Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու է, և որևէ մեկը չի կարող բացառել, որ նման պայմանավորվածությունները, եթե եղել են, կարող են շարունակվել արդեն համապետական մակարդակում՝ Ազգային ժողովում քննարկվող կարևոր հարցերի շուրջ։

Սա առաջին հերթին պետք է մտահոգի «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին։  Իսկ եթե շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա դրանք պետք է հստակ և համոզիչ հերքվեն։ Հակառակ դեպքում հասարակության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվելու այն համոզմունքը, որ Հայաստանում կալանքի հարցերը լուծվում են ոչ այնքան դատարաններում, որքան քաղաքական պայմանավորվածությունների սեղանի շուրջ։