
Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի 1-ին և 2-րդ փուլերի ադրյունքում 717 դիմորդ էինք ունեցել: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա դրական դինամիկան պայամանավորեց կառավարության քաղաքականությամբ՝ գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմամբ:
«Ընդհանուր առմամբ ՄԿՈւ համակարգում ընդունելության ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք պահպանում ենք ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան: Անցյալ տարի ավելի քան 14 հազար ուսանող էինք գրանցել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքում տեսնում ենք, որ արդեն իսկ գրեթե մոտեցել ենք 15 հազարի ցուցանիշին»,- ասաց նա:
Նախարարը նշանակեց, որ առանձնակի ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը:
«Պետք է ասեմ, որ այստեղ, եթե ամփոփումից հետո դիտարկում ենք թափուր մնացած տեղերի թիվը, 2025-2026 թվականների ուսումնական տարվա արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից: Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6,174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1,174 է: Անվճար թափուր տեղերի թիվը 219 է: Այս ցուցանիշները նշանակում են, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է»,- ասաց նա:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ բնագիտամաթեմատիկական ոլորտում ընդունելության աճ է գրանցել 5 տոկոսով և, որ նրանք արդեն իսկ կազմում են ընդունված ուսանողների 60 տոկոսը: