Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ու կայունությանն ուղղված ջանքերը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, բրիտանացի դիվանագետը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին անդրադարձել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ողջունում ենք անցած մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այն ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանազատման գործընթացը, Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները, նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև ստորագրված համաձայնագիրը։ Կայուն և տևական խաղաղություն ապահովելու համար էական նշանակություն ունի երկխոսության և գործակցության միջոցով այս դինամիկայի պահպանումը»,- նշել է Դունկան Նորմանը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Հայկական խորհուրդ» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը հայտնել էր՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում պատրաստվում են ընդունել ադրբեջանցի գործընկերներին՝ երկխոսությունը շարունակելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։



