«Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտու...

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծված․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր խմբագրությունը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի տարբերակը և արձանագրում այն, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ։

Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից, որոնց հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, երեք տարի անց փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկողին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը։

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

■ Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է նրանց վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների մասին։ Այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։
■ Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս չկա միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։
■ Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված, և քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։
■ Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանը պահում է 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, և նրանց զրկել է անկախ այցելությունների հնարավորությունից։
■ Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ավելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։
■ Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։

«Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտությունը, այլ խորացրեց անարդարությունը,– ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։– Ոչ մի համաձայնագիր, որը Բաքվում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը և ջնջում է մի ժողովրդի ժառանգությունը, չի կարող խաղաղություն կոչվել։ Կոչ ենք անում կառավարություններին Արցախին վերաբերել որպես իրապես չլուծված խնդրի և նրա ժողովրդի իրավունքները վերադարձնել միջազգային օրակարգ»։

ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝

■ բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ նրանց մոտ անկախ մարդասիրական մուտքը, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,
■ Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես կարգադրել է Արդարադատության միջազգային դատարանը,
■ միջազգային մանդատով նոր ձևաչափ՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի ներքո, որին մասնակցեն Արցախի ընտրված ներկայացուցիչները, և Շվեյցարիայի խորհրդարանի կողմից լիազորված խաղաղության համաժողովի գումարումը,
■ հաշվետվողականությունը՝ անպատժելիության փոխարեն, և ոչ մի կարգավորում, որը կվերացնի տեղահանվածների ու կալանավորվածների պահանջները,
■ հայկական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա վերագրման օրինականացման մերժումը,
■ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,
■ Հայաստանի կառավարությունից՝ այս իրավունքների պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների վրա ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականությունը։

ԿԱՐԴԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Թարմացված փաստաթուղթը ներկայացնում է հակամարտությունը՝ սկզբից մինչև մեր օրերը, և դրանում յուրաքանչյուր փաստ հղում է անում համապատասխան համարակալված աղբյուրի։ Փաստաթուղթը հասանելի է անգլերենով՝  այստեղ:

Մամուլի հետ կապ՝ office@anc-international.net

Հայ դատի կենտրոնական խորհրդի հրատարակությունները՝ այստեղ։