Բրազիլիայի նախկին նախագահը Թրամփի աջակցությամ...

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն մշակում է քաղաքական վերադարձի ռազմավարություն՝ ապավինելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը, որը կարող է ներառել տնտեսական պատժամիջոցների կիրառումը ներկայիս նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ, գրում է The Wall Street Journal-ը։

«Թրամփը վերադարձել է, և սա նշան է, որ մենք նույնպես կվերադառնանք», - պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բոլսոնարոն, որին մինչև 2030 թվականն արգելված էր առաջադրվել նախագահի պաշտոնում և որը ևս մեղադրվում է հեղաշրջման փորձի մեջ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բոլսոնարոն ժխտում է ցանկացած ապօրինություն և պնդում է, որ ինքը դարձել է երկրի գործող նախագահի և ձախակողմյան դատավորների վհուկորսի զոհը:

«Նրանք չեն ուզում են ինձ սոսկ բանտ նստեցնել, ուզում են՝ ես մեռնեմ»,-հայտարարել է Բրազիլիայի 69-ամյա նախկին նախագահը:

Ավելի վաղ Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը ապացույցներ էր ներկայացրել Գերագույն դատարան, ըստ որոնց Բոլսոնարոն ուղղակիորեն ներգրավված է եղել 2022 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու նպատակով հեղաշրջման նախապատրաստման մեջ, որոնցում նա պարտություն է կրել։

Ոստիկանության վերջնական զեկույցը, որը մոտ երկու տարի տևած հետաքննության արդյունքն էր, պարունակում էր ապացույցներ, որոնք հավաքվել էին խուզարկության հրամաններից, գաղտնալսումներից, ֆինանսական գրառումներից և ցուցմունքներից. դրանք վկայում էին Բոլսոնարոյին առնչվող հանցավոր դավադրության մասին: