Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. այս անգամ դեղին սաղ...

«Ահազանգ» շարժման անդամները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման սկզբունքի։ Այն անգամ նրանք դեղին սաղավարտներով են, իրենց հետ ունեն նաև փուչիկ՝ «Հարկային նոր օրենսգիրք» մակագրությամբ:

Ահազանգցիները հույս ունեն՝ ԱԺ ընդդիմությունը կսատարի իրենց։  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն հայտարարել են օրինագծին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին:

Նրանց խոսքով՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը.«Ըստ այդմ` մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»։