
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձավ համացանցում հրապարակված հայտարարության տեքստին, որտեղ խոսք է գնում Սյունիքի ճանապարհների մասին և նշվում է, թե Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են․
«Մենք իշխանությունից պահանջում ենք հոդաբաշխ պատասխան տալ՝ ինչի մասին է խոսքը։ Այդ փաստաթղթի մեջ չկա հայկական կողմից ստորագրություն։ Ես կարող եմ ասել, որ եթե դա ստորագրված լինի ՀՀ կառավարության ղեկավարի կամ որևէ ներկայացուցչի կողմից, սա ոչ միայն հակապետական, հակազգային փաստաթուղթ է, այլ նաև իրավունքը կոպիտ ոտնահարող, իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, որովհետև էլի կարգավորվում են հարաբերություններ, միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ այդպիսի փաստաթղթերը, ըստ մեր Սահմանադրության, ուժ ստանալու համար պետք է անպայման ՍԴ, ապա Ազգային ժողով մտնեն և վավերացվելուց հետո ստանան կիրառական նշանակություն»։
Պատգամավորի խոսքով՝ Արցախը անցել ենք, Սյունիքի հետ կապված է ժողովրդից գաղտնի ինչ-որ հարցրեր փորձում լուծվել։
Սիմոնյանն անդրադարձավ լուրերին, թե խոսք է գնում Մարտունիում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, ընդգծեց՝ սա ազգային ինքնության հետ կապված հարց է, և որևէ ազգ կամ պետություն իրավունք չունի որոշելու մեր մշակութային առանձնահատկությունների հետ կապված հարցրեր․
«Այս հարցում մենք զիջելու տեղ չունենք»,-պնդեց Սիմոնյանը։
Փաստաթղթի հարցին անդրադարձավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ընդգծեց՝ եթե չկա նման փաստաթուղթ, պետք է հերքվի, նույնիսկ քննություն պետք է իրականացվի՝ որտեղից է այդ ինֆորմացիան ընկել հայկական մեդիադաշտ, որովհետև ազգային անվտանգության խնդիր կա այստեղ։
Մարուքյանը պնդեց՝ իշխանության կողմից շրջանառության մեջ են դրվում թեզեր, թե մեղավոր են բոլորը, մեղավոր են ընդդիմադիր գործիչները․
«Բոլորը մեղավոր չեն, կոնկրետ մեղավորներ կան, կոնկրետ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար առաջարկվում է ստեղծել փաստահավաք խումբ։ Ովքեր դեմ են այդ խմբի ստեղծմանը, նրանք ուզում են, որ անդադար մարդիկ պտտվեն, հարցնեն՝ ով է մեղավոր, անդադար բամբասանքեր շրջանառվեն, անդադար մեդիատեռոր լինի, անդադար սուտը տարածվի, և դրա մեջ թացն ու չորը խառնվի, գնա»,-նշեց Մարուքյանը։
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ով ղեկավարում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, հայտնեց, որ երեկ հանձնաժողովի կողմից 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկվել ՀՀ կառավարություն․
«Այդ հարցերը վերաբերում են կորոնավիրուսի ամենատարբեր փուլերին՝ սկսած դիահերձումից, թեստավորումից, մեկուսացումից, ինքնամեկուսացումից, դրանց նկատմամբ վերահսկողությունից, մինչև հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների արդյուանվետություն»,-պարզաբանեց Խաչատրյանը։
Հայտնեց նաև՝ առաջիկա երեքշաբթի օրը տեղի կունենա քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, կներկայացվի հարցաշարի հետ կապված տեղեկատվություն, կորոշվեն պետական պաշտոնյաններին հանձնաժողով հրավիրելու սկզբունքները։