Բոլորս կարծես ապրում ենք մի մեծ գավառական թատ...

«Բոլորս կարծես ապրում ենք մի մեծ գավառական թատրոնում, որտեղ բեմադրություն է իրականացվում, որը պաթոսով, տարբեր էմոցիաներով լի է, բայց առանձնապես որևէ բովանդակություն չունի: Որևէ մեկը չի կարող ասել, թե այդ ներկայացումն ինչով է ավարտվելու: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ապա ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի` առաջինը, միակը և աննախադեպը լինելու սինդրոմի մասին, որն անընդհատ մեզ հետապնդում է: Մարդը, ով անվերջ խոսում է բոլոր իրադարձությունների աննախադեպության մասին, իր հետ համաձայն եմ, որովհետև, եթե հիմա սկսեմ բոլոր ոլորտներում թվարկել աննախադեպ իրադարձությունները, որ կան, երևի մեկ օրը չի հերիքի: Բայց ես կանդրադառնամ ամենակարևորին:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ԱՄՆ-ում, երկու աննախադեպ հայտարարություն է արել, որոնցից մեկը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն: Բոլորս գիտենք, թե դարերի ընթացքում մեր թշնամիներից ովքեր են ցանկացել ծնկի բերել եկեղեցին: Այս հայտարարությունն աննախադեպ էր: Մեր ղեկավարներից որևէ մեկը նույնիսկ մտքով չէր անցկացնի նման հայտարարություն անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը: