Բոլոր դպրոցները ունեն անհրաժեշտ դասագրքեր նոր...

Հաճախ լսում եմ շարունակվող լուրեր, թե մենք ունենք խնդիր դասագրքերի հետ կապված և կան դասագրքեր, որոնք բացակայում են: Ուզում եմ այս հարցին անդրադառնալ այն ձևով, որ, հուսով եմ այլևս չշահարկվի: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ավելի քան 220 տարբեր դասագրքեր ենք հրատարակել, 159 անուն դասագրերի մասին է խոսքը: Սա ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարևորագույն առարկանները: Մենք ունենք որոշ առարկաններ, որոնց շրջանակում դեռևս օգտագործում ենք հին դասագրքեր: Սա նշանակում է, որ այդ առարկաների ուսուցումն իրականացվում է այս պահին գործող և արդեն որոշ ժամանակ դպրոցներում գործածվող դասագրքերով»,- ասել է նա:

Ըստ Անդրեասյանի, խոսքը հիմնականում 10-11-րդ դասարանների քիմիա և կենսաբանություն, 11-րդ դասարանի ռուսերեն և հանրահաշիվ առարկանների դասագրքերի մասին է: Առանձին աշխատանքներ են տարվում նաև ֆրանսերենի ուղղությամբ, աշխատում են նաև դեսպանատան հետ: 

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ որդեգրել են մոտեցում՝ ավագ դասարաններում հրաժարվում միայն դասագրքային ուսուցումից և անցնում են ուսումնական թղթապանակների: Մասնավորապես՝ պատմության պարագայում այս մեթոդով են ուսուցում իրականացնում, զուգահեռաբար 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմության» դասագրքերի մրցույթներ են հայտարարված: Նախարարը վստահություն է հայտնել, որ կունենան առաջարկներ, որոնք կարող են կիրառվել դպրոցներում:

«Դպրոցները բոլորն ունեն անհրաժեշտ դասագրքերն ուսուցումն իրականացնելու համար», - հաստատել է ԿԳՄՍ նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խոսելով դասագրքերի պակասի մասին նշել էր հստակ առարկայացանկ և դասարաններ, որոնցում բացակայում են դասագրքերը: 

Կարող ենք արձանագրել, որ ցանկը համապատասխանում է ԿԳՄՍ նախարարի այսօրվա ներկայացված ցանկին, բացառությամբ նրա, որ Սվաջյանը, ի տարբերություն Անդրեասյանի, նշել էր նաև ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի պակասի մասին:

«Այս պահին, արդեն դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է: Չորս մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, և սեպտեմբերի 1-ին մեզ ոչինչ չի խանգարելու, որ ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի», - եզրափակել է ԿԳՄՍ նախարարը: