Բնակիչներին օրական 5000-8000 դրամով աշխատանք...

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզի տնտեսական զարգացումն ու սոցիալական վիճակի բարելավումը համարում է իր՝ որպես մարզպետ, գլխավոր նպատակը: Գևորգյանը նշում է՝ մարզը սպեցիֆիկ ու յուրահատուկ է, պատմական հայրենիքի բոլոր անկյուններից այստեղ մարդիկ կան, ու մարզի ղեկավարի աշխատանքը դրանով արդեն իսկ սկսում է բարդ լինել:

«Բնակլիմայական պայմանները շատ տարբեր են մեր մարզում՝ Աշտարակում մարդիկ կարճաթևով ման են գալիս, Ապարանում ձնաբքից փակված ճանապարհներ կան»,-ասում է նա: 

Դավիթ Գևորգյանը նպատակին հասնելու համար առաջնային քայլ է համարում մարզի աղքատության ցուցանիշի քարտեզագրումը: Իր խոսքով՝ Արագածոտնում աղքատության ցուցանիշը 16%-ից մի փոքր ավել է, պետք է իջեցնել: Դրա համար պետք է զուգորդել պետական ծրագրերն ու մասնավոր ներդրումները:

«Իմ խորին համոզմամբ՝ նվեր տալու ավանդույթից պետք է տեղափոխվենք մի փոքր այլ տեղ: Պետական սխալ քաղաքականության արդյունքում ձևավորել են բնակիչներ, որոնք սովորել են չաշխատելու: Անընդունելի է, երբ 30-ամյա առողջ երիտասարդը գալիս է և 20 000 դրամ է ուզում մարզպետարանից: Ես նրան առաջարկում եմ 3 օր աշխատել, ասում է՝ պետք չէ, այդ գումարն այլ տեղից կգտնի: Դա, իմ կարծիքով, ողբերգություն է: Ես օգնում եմ ոչ թե չաշխատող, այլ աշխատող մարդուն»: 

Մարզպետի խոսքով՝ համայնքներում կան բնակիչներ, որոնք ծուլություն են դրսևորում, չեն ցանկանում աշխատել.«Մենք մարզում ունենք տնտեսվարողներ, որոնք շատ լուրջ աշխատանքի կարիք ունեն: Հենց հիմա, օրինակ, 5000-8000 դրամով աշխատողներ են փնտրում, բայց մարդիկ չեն գնում»:

Դավիթ Գևորգյանը տեղեկացնում է, որ թափուր աշխատատեղեր կան նաև մարզպետարանում: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ պետական աշխատավարձերը անհամեմատ ցածր են նույն աշխատանքի համար տրվող մասնավոր աշխատավարձերից, ինչն էլ պատճառ է դառնում, որ չդիմեն աշխատանքի համար:

«Մրցույթ ենք հայտարարում, մարդիկ չեն գալիս: Օրինակ՝ մամուլում մեծ արձագանք ստացավ, որ ամիսներ առաջ ասել էի՝ 80 հազար դրամով վարորդ չեմ կարողանում գտնել: Դա ես չեմ սահմանել: Պետական համակարգում վարորդի աշխատավարձը 80 հազար դրամ է»,-ասում է մարզպետը՝ նշելով՝ մինչ այժմ վարորդ չի գտել:

Ըստ մարզպետի՝ քիչ չեն դեպքերը, երբ նույն ընտանիքից մի քանի անդամներ աշխատում են նույն վայրում.«Ընտանեկան կապերով աշխատանքի տեղավորվելու դեմն օրենքով առնել չենք կարողանում: Օրինակ ունենք՝ տիկինը տնօրենն է, գործավարուհին հարսն է, պահակն ամուսինն է, խոհանոցում աղջիկն է աշխատում: Ասում եմ՝ կարելի է մի քիչ ուրիշներին տեղ թողնել չէ՞: Ու ժողովուրդը գալիս բողոքում է՝ պարոն մարզպետ, ասեք, թող գնան, բայց օրենքով չկա սահմանափակում, որ դու բարեկամիդ չես կարող աշխատանքի ընդունել»:

Խոսելով մարզում ներդրումների ու տնտեսական զարգացման մասին՝ Դավիթ Գևորգյանը նշում է՝ ունեն 2 տասնյակից ավելի հավակնոտ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանի պատմության մեջ դեռևս չեղած արտադրությունների հիմնում, որոնք սեպտեմբերին կայանալիք բիզնես ֆորումի ընթացքում կներկայացվեն: 

Մարզպետի խոսքով՝ ներդրումների հետ կապված խնդիրներ լինում են այն դեպքում, երբ դիմում են համայնքապետերին՝ հողատարածքներ տրամադրելու համար, վերջիններս էլ նշում են, թե հող չկա: 

«Շատ հաճախ համայնքի ղեկավարը կամ իր ընտանիքի անդամները հողն ապօրինի կերպով մշակում են, հետն էլ հարկ չեն տալիս ու պոտենցիալ ներդրողներին մերժում են: Հողերի սեփականաշնորհման քաղաքականությունը ճիշտ չի տարվել: Համայնքի ղեկավարներ կան, որոնց հետ 2 բառ խոսել, հասկացել ենք, ղեկավարներ կան, որոնց հետ ավելի երկար ենք աշխատել: Համայնքների մեծամասնությունում ունենք դրական աճ»,-ասում է Գևորգյանը՝ դժգոհելով որոշ համայնքերի ղեկվարների դանդաղկոտությունից, աշխատել չցանկանալուց, մոտիվացիայի բացակայությունից:

Ըստ մարզպետի՝ գյուղատնտեսական նշանակության հողերի շատ քիչ տոկոսն է օգտագործվում.«218 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից օգտագործվում է միայն 30-40%-ը: Խնդիրը հիմնականում ոռոգման ջուրն է ու այն քաղաքականությունը, որ տարվել է տարիներ շարունակ»:  

Ողոգման ջրի խնդրի լուծումը մարզպետը տեսնում է ջրամբարների կառուցմամբ.«Ինչպես ես եմ կեսկատակ, կեսլուրջ ասում՝ մենք երկու Սևան ունենք. մեկը մեր կապուտաչյա գեղեցկուհին է, մյուսը՝ Արագած լեռը, որի վրա մեծ քանակի ձյուն է կուտակվում, գարնանը հալվում է, և ջուրը գնում է հարևան ոչ բարեկամ երկիր՝ Թուրքիա: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչու տարիներ շարունակ այդ ջուրը մենք չենք ամբարել: Մոտ ապագայում պատրաստվում ենք ջրամբար կառուցել»:

Դավիթ Գևորգյանը զրույցն ամփոփում է այսպես.«Մեկ նախադասությամբ եթե ասեմ՝ ոնց եմ պատկերացնում, որ մարդիկ սկսեն լավ ապրել, կնշեմ՝ իրենք պետք է շարունակեն զբաղվել նրանով, ինչով զբաղվել են, բայց ավելի խելացի և արդյունավետ ձևով»: 

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մարիամ Սարգսյան