Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։
«Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջր վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: 10-ից ավելի զինծառայող գերեվարված է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 զինծառայողի մարմին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։