Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստա...

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։ Նախկինում նա աշխատել է Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Չինաստանում։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, Իրան–Ադրբեջան հարաբերությունները, Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նրա առաքելության մեկնարկը «Սյունիքի սրտում» կարող է նոր էջ բացել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։

Ակնկալվում է, որ գլխավոր հյուպատոսի գործունեությունը կնպաստի տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ կապերի ընդլայնմանը։