Ասօր Աժ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցությունն առաջարկեց ժեստ անել և վնաս կրելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից: Հա,ապատասխան ելույթով հանդես եկավ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը.
«Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ գյուղացին գտնվում է լավ վիճակում, որ հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի, ամեն ինչ լուծվել է և այլն, և այլն: Շատ բարի, ապահովագրությունն անենք, բայց մեկը մյուսին չի հակասում: Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է՝ ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե հողի հարկից քեզ ազատենք»,- ասաց պատգամավորը:
Մելքումյանի խոսքով՝ դրանով գյուղացին կզգա, որ իր մեջքին պետություն կա կանգնած: Նա նշեց, որ սա ԲՀԿ-ի առաջին քայլն է, հաջորդով օրենքով կբերեն, որ պարտադրեն, որպեսզի փոխհատուցումներ լինեն.
«Ասում եմ՝ ժեստը պետք է անենք, Թունյանն ասում է՝ թանկ է նստում: Էժան թող նստի, այսօր արբանյակ ունենք, ինչը նայում է: Եթե մենք 5000, 7000 դրամ պետք է տանք, ապա 100 կամ երկու հարյուր դրամը չպետք է ժլատություն անենք: Սա քաղաքական բնույթի որոշում է, դասական տնտեսական առումով մենք չպետք է վերլուծություններ անենք, սա ասում է, որ պետությունը կանգնած է գյուղացու կողքին: Ավելին ասեմ՝ պետք է վարկերը սառեցնել՝ սա առաջին քայլ, երկրորդը վարկերը սառեցնել, երրորդը փոխհատուցումներ անել և չորրորդը՝ ցույց տալ, որ իսկապես պետությունը ստեղծում է այն միջավայրը, որով Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է արդյունավետ լինել: Մարդկանց տները գրավի տակ են, թողնում արտագաղթում են, ի՞նչ ենք քննարկում: Պարզ չէ՞, որ սա քաղաքական որոշում է: Բերե՛ք այս քաղաքական որոշումը կայացրեք, և ժողովուրդը ձեզ և մեզ կհարգի: Կողմ քվեարկեք սրան»,- ամփոփեց Մելքումյանը:



