Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները մոտավորապես 115 տարբեր տեսակի զինամթերք են արձակել Բելգորոդի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան իր Telegram ալիքում հայտնել է, որ անհայտ օբյեկտի ընկնելու պատճառով տուժել է մեկ մարդ։
«Կրասնոյարուժսկի շրջանում յոթ հրետանային արկ է արձակվել Կոլոտիլովկա գյուղի ծայրամասի, իսկ երկու հրետանային արկ՝ Պրիլեսիե գյուղի ծայրամասի ուղղությամբ», - նշել է նահանգապետը՝ հավելելով, որ տուժածներ չկան։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Բելգորոդի շրջանում 13 հրետանային արկ են արձակել Նեխոտեևկա գյուղի ուղղությամբ, իսկ Ժուրավլյովկա և Կրասնի Խուտոր գյուղերի ուղղությամբ՝ համապատասխանաբար 10 և 5 հրետանային արկ։ Նաև գնդակոծության տակ է հայտնվել Շչետինովկա գյուղը. գրանցվել են 11 հրետանային արկերի և 58 նռնականետային կրակոցներ։
«Նաումովկա գյուղում անօդաչու թռչող սարքից մեկ նռնակ է գցվել: Շրջանի բնակավայրերից ոչ մեկում տուժածներ և ավերածություններ չկան», - տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավարը։
Շեբեկինսկի շրջանում օգոստոսի 8-ին չորս ականանետային արկ է արձակվել Պանկով խուտորի ուղղությամբ և երեքական ականանետային արկ՝ Նովայա Տավոլժանկա գյուղի և Կրասնոյե ավանի ուղղությամբ։
Իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղում չպարզված օբյեկտի ընկնելու հետևանքով մասնավոր տան տարածքում բռնկվել է խոտի մարագը, կա տուժած՝ մեկ տղամարդ՝ ոտնաթաթի բեկորային վնասվածքով: Նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, հոսպիտալացման կարիք չի զգացվել։