Բայրամովն ու Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը քննարկել է ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգում վերջերս ձեռք բերված առաջընթացի մասին։

Բայրամովի խոսքով՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացած բանակցությունները վկայում են նաև երկկողմ խաղաղ գործընթացի արդյունավետության մասին։

«Վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները հույս են ներշնչում խաղաղության հաստատման գործունեության ապագայի համար»,- ասել է Լուի Բոնոն։

Նա նաև հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունն՝ աջակցելու և նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։