Բայդենը կայցելի G7-ի գագաթնաժողովին Ճապոնիայո...

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կայցելի մայիսի 19-21-ին Ճապոնիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, իսկ մայիսի 24-ին՝ Սիդնեյում կայանալիք Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ, Ճապոնիա) առաջնորդների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է politik.am-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Ինչպես հետևում է փաստաթղթից, Հիրոսիմայում կայանալիք G7-ի առաջնորդների հանդիպմանը Բայդենը մտադիր է քննարկել «Մեծ յոթնյակի» անսասան աջակցությունն Ուկրաինային և հակազդումը կրկնակի ճգնաժամերին`պարենային և կլիմայական։

Սիդնեյում Անվտանգության քառակողմ երկխոսության երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նրանք կքննարկեն «համագործակցության խորացումը կարևորագույն և նորագույն տեխնոլոգիաների, բարձրորակ ենթակառուցվածքների, գլոբալ առողջապահության, կլիմայի փոփոխության, ծովային տիրույթի վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտներում»: