ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի հեռախոսազրույցում քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ուժեղացնելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է Իսրայելի անվտանգությունն ապահովելուն իր հավատարմությունը՝ ընդդեմ Իրանի բոլոր սպառնալիքների, ներառյալ վերջինիս կողմից վերահսկվող ահաբեկչական խմբավորումների՝ Համասի և Հեզբոլլահի, ինչպես նաև հութիների», - նշվում է փաստաթղթում։
«Նախագահը քննարկել է Իսրայելի պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերը սպառնալիքներից, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից, ներառյալ պաշտպանական նպատակներով ամերիկյան զորքերի նոր տեղակայումը»:
Բայդենը «շեշտել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու շարունակական ջանքերի կարևորությունը»: