Բայդենի առաջարկած ծրագրով ԱՄՆ-ում շուրջ կես մ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 18-ին կհայտարարի մի ծրագրի մասին, որը հնարավորություն կտա քաղաքացիություն ստանալ հարյուր հազարավոր ներգաղթյալների, որոնք ամուսնացած են ԱՄՆ քաղաքացիների հետ և ԱՄՆ-ում են գտնվում անօրինական կերպով։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ միգրանտների կեցության օրինականացման այս լայնածավալ ջանքերը կտրուկ հակասում են Ջո Բայդենի հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսումների ծրագրին:

Ծրագիրը, որը կգործարկվի առաջիկա ամիսներին, կվերաբերի մոտավորապես 500,000 ամուսինների կամ կանանց, որոնք հունիսի 17-ի դրությամբ առնվազն 10 տարի ապրել են ԱՄՆ-ում, լրագրողների հետ զրույցում հայտնել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները: 

Այս ծրագրի շրջանակներում քաղաքացիություն կարող են ստանալ նաև 21 տարեկանից փոքր մոտ 50 000 երեխաներ, որոնց ծնողներն ԱՄՆ քաղաքացիներ են: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ շահառուների մեծամասնությունը, հավանաբար, մեքսիկացիներ կլինեն: