Բարսելոնայի օդանավակայանում ռուսաստանցիներից...

Բարսելոնայի միջազգային օդանավակայանում կողոպտիչները թանկարժեք զարդերով ու փողով ուղեբեռ են գողացել: Ինչպես ТАСС-ի թղթակցին հայտնել են Կատալոնիայի ոստիկանությունում, հանցագործներին, ի վերջո, հաջողվել է բռնել:

Իրավապահ մարմինները նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին օդանավակայանի գրանցումների հատվածում։

«Գողերը տարել են ուղեպայուսակը: Մեզ հաջողվել է հայտնաբերել փոխադրամիջոցը, որով հանցագործները փախել են», - նշել են ոստիկանությունում։

Նշվում է, որ երկու անձինք, որոնք գտնվել են մեքենայում, ձերբակալվել են: Տարածաշրջանային ոստիկանությունում չեն հստակեցրել ո՛չ գողացված իրերի արժեքը, ո՛չ էլ տուժածների ազգությունը՝ նշելով, որ խոսքն օտարերկրացիների մասին է:

Իր հերթին La Vanguardia թերթը հաղորդում է, որ չարագործները գողացել են ճամպրուկ և թանկարժեք պայուսակ, որոնք պատկանում էին Ռուսաստանից մի ընտանիքի։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հերթ էին կանգնել գրանցման համար։ Տուժածները հավաստիացրել են, որ գողերը տարել են ավելի քան 8,5 մլն եվրո ընդհանուր գումարի զարդեր և ժամացույցներ: Մասնավորապես, ըստ հրատարակության վարկածի, իրերի թվում եղել է 4 մլն եվրո արժողությամբ ադամանդներով զարդարված մատանի։

Ոստիկաններին հաջողվել է վերադարձնել ողջ գողոնը: