Կրթությունն է ամեն ինչի սկիզբը եւ եթե մենք չունենք իսկապես որակյալ, բարձր սանդղակի կրթություն, ապա ցանկացած ոլորտ ՀՀ-ում լինելու է խեղված, լինելու է կաղ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե մենք չունենանք իսկապես որակյալ, բարձր սանդղակի կրթություն, ապա ցանկացած ոլորտ ՀՀ-ում լինելու է խեղված, լինելու է կաղ:
«Մի քանի ձեռքբերում արձանագրեմ: Դպրոցների ապաքաղաքականացում է եղել, բայց ես որևէ երաշխիք չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ եթե հիմա իշխանությունը հանձնարարի դպրոցների ուսուցիչներին անել նույն բանը, ինչ որ անում էին տարիներ շարունակ՝ կլինի պատին նկարներ ճպպացնել, կլինի ընտրական հանձնաժողովում կրծքով փակել քվեախցիկը, գերակշիռ մեծամասնությունը անելու է: Հանկարծ որևէ մեկը չասի, թե չի անելու, որովհետև իր մտածելակերպում հեղափոխություն է տեղի ունեցել: Ոչ, եթե ինչ-որ բան տեղի ունեցել է, ապա 5-8 տոկոսի մոտ»,-շեշտեց Զոհրաբյանը:
Նա նաև անդրադարձավ այս տարի հայոց լեզու առարկայից կենտրոնական քննության արդյունքներին և նշեց, որ 31 հազար դիմորդից 1686-ը անբավարար է ստացել:
Պատգամավորի խոսքով, 19-20 միավոր ստացել է ընդամենը 152 աշակերտ. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը: Սա է դպրոցներում այդ առարկաների դասավանդման որակը՝ շատ ավելի ցածր, քան այլ առարկաների դեպքում է: Ես համաձայն եմ, որ բուհերում դասավանդման կիսակղերական մեթոդոլոգիան պետք է փոխվի: Պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց մտածենք այն ժամանակ, երբ դպրոցներում մենք չենք ունենա այս ողբերգական պատկերը: Երբ դպրոցներից դուրս եկած աշակերտը մեկ պարզ համադասական նախադասության մեջ չի անի 97 ուղղագրական, 67 կետադրական, մի էդքան էլ մտքի սխալ: Որ չեն ասի՝ Նապոլեոնը տորթ ա, Սասունցի Դավիթը՝ արձան, Դեմիրճյանն էլ՝ փողոց»,-հավելեց նա:
Զոհրաբյանը դրական համարեց, որ սկսել են բաց խոսել այս ոլորտում առկա խնդիրներից. «Բարեփոխել բառից ես ներվայնանում եմ, որովհետև այնքան ենք բարեփոխել, որ արդյունքում անընդհատ վատ բաներ են ստացել: Ոլորտը իսկապես որակյալ հիմքերի վրա դնելու համար սա շատ կարևոր է»:



