Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է երկրում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ «նշվել է երկու եղբայրական պետությունների ղեկավարների բարեկամական հարաբերություններն արտացոլող Շուշայի հռչակագրի կատարման հետ կապված համապատասխան միջոցառումների իրականացման կարևորությունը։ Նախարարը հատկապես ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության դերը` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։ Ընդգծվել է, որ անցած շաբաթ Անկարայում կայացած ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու երկրների բանակների միջև փոխկապակցվածության ապահովման համար։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։