Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծ...

Այո, մեր իշխանության ժամանակ էլ եղել են ոստիկանական գործողություններից բողոքներ, բայց դուք չեք կարող մի դեպք ասել, երբ մեր ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ, եւ դրան արձագանք չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«2-3 դեպք է եղել անհամաչափ ուժի կիրառման, եւ այդ դեպքերը ամիսներով, որոշ դեպքերով տարիներով հնչեցվել են եւ ներսից եւ դրսից»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են այսօր լռում միջազգային կառույցները ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ, որոնք ժամանակին գերակտիվ էին, երրորդ նախագահը պատասխանեց. «Որովհետեւ անհամաչափ սատարում են հայտնում այս իշխանություններին: Մեզ էլ էին սատարում ահագին հարցերում, բայց հիմա անհամաչափ է այդ սատարումը, որովհետեւ այս խնդիրը զուտ ներքաղաքական չէ, նաեւ գեոպոլիտիկ է:

Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծեին, եւ քրեական գործ չհարուցվեր: Ես չեմ ասում, որ մեր ժամանակ ծառայողական քննություններ չեն եղել տարբեր առիթներով, եւ ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք չի եղել: Թող մեկը ասի»: