Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտ...

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հայաստանի բյուջեից համակարգի ներդրման և տեխնոլոգիաներով ապահովման համար որոշակի գումար կտրամադրվի։ Վանեցյանը, սակայն, չասաց գումարի չափը՝ դա համարելով պետական գաղտնիք։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասաց, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։

«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», - հայտարարեց Վանեցյանը։