
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան, իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, ևս մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել հետախուզում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդի մոտ խոշոր չափերով՝ շուրջ 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված թմրամիջոցը ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին, քննության տվյալներով, թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, որն էլ իր հերթին՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուց:
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է 465 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: