ԱԺ–ն թույլատրեց էլեկտրամոբիլների լիցքավորումը...

Քաղաքացիները կարող են առանց առանձին բաժանորդագրության բնակարանից իրենց ավտոտնակ անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած՝ «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Ծովինար Վարդանյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման և գործընթացի հեշտացման անհրաժեշտություն: 

Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքում, սակայն, չկա այդ մասին հստակ դրույթ: Արդյունքում հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ են առաջանում:

«Երբ քաղաքացին ունի էլեկտրամոբիլ և ցանկանում է իր ավտոտնակում տեղադրել լիցքավորման կայան, անհրաժեշտություն է առաջանում գնալ ՀԷՑ, դիմում ներկայացնել և որպես առանձին բաժանորդ հանդես գալ: Նշվածը ծախսատար ու ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարաններում արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե բնակարանի, թե էլեկտրամոբիլի լիցքավորման համար»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորներն օրենքով առաջարկում են սահմանել՝  սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

«Հիմա բնակչության մեծ մասը բնակարանից բերում, միացնում է ավտոտնակին ու լիցքավորում էլեկտրամոբիլները: Օրենքում կա այդ բացը: Բայց, եթե ՀԷՑ-ը գա ու տեսնի, որ առանձին բաժանորդ չեն դարձել, բնականաբար, տուգանելու է: Օրենքում ամրագրում ենք այդ կարգավորումը, որ յուրաքնաչյուր մարդ կարող է բերել և իր ավտոտնակում այդ լիցքավորման սարքը տեղադրել»,-ասաց Արուսյակ Մանավազյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը համաձայն է, որ քաղաքացին պետք է կարողանա էժան իր ավտոմեքենան լիցքավորել, սակայն առաջարկվող լուծումը խնդրահարույց է համարում:

Նա անվտանգային առումով խնդիրներ է տեսնում՝ բնակարանների պատուհաններից դեպի ավտոտնակեր իջնող մալուխների հետ կապված:  «Այդ լարերը քամուց պոկվում, ընկնում են: Եվ այդ բակում խաղում են երեխաներ, մարդիկ գնում-գալիս են»,-նշեց Ավետիսյանը՝ շեշտելով հոսահանքահարման վտանգի մասին:

Ծովինար Վարդանյանը նշեց՝ այդ լիցքավորման կայաններն այսօր էլ տեղադրվում են: «Ես ընդամենն ասում եմ, որ դրա համար քաղաքացին պետք չէ, որ դառնա առանձին բաժանորդ: Մնացած անվտանգային մասը՝ լարը ճիշը կգնա, թե ոչ, այս օրենքի առարկան չէ»,-նշեց նա: 

Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: