Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երեկ ԱԺ-ում հյուրընկելել է ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիների, որոնք հիմնականում ներկայացնում են «Մի´ արեք այսպես» ֆեյսբուքյան հայտնի խումբը:
Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը նշել է, որ օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ խնդիր է օր առաջ գտնել դրանց լուծման արդյունավետ տարբերակները, օրենսդրական շտկում պահանջող կարգավորումները: Պատգամավորը կարևորել է քաղաքային ոստիկանության ստեղծումը, շրջիկ տեսուչների գործունեությունը:
Ըստ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պարբերաբար աճող Ճանապարհատրանսպորտային պատահարները պայմանավորված են թե՛ կարգազանց վարորդներով, թե՛ օրինախախտ հետիոտներով եւ թե՛ Հայաստան ներկրվող մեքենաների շեշտակի աճով: Նշվել է, որ վերջին ամիսներին մշակվում է փաթեթ, որով նախատեսվում է բալային համակարգի ներդնում, երթեւեկության կանոնների խախտման դեպքում ոչ միայն տուգանքներ են սահմանվելու, այլ նաեւ բալեր կորցնելու հետեւանքով վարորդը կարող է զրկվել անգամ վարորդական իրավունքից:
Հանրային հատվածի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են մի շարք խնդիրների, հանդես եկել դրանց լուծման առաջարկներով:



