Ոստիկաններին պետք է ավելի շատ պարգեւավճարներ տալ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ քննադատելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանին:
Վերջինս, մասնավորապես, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց 2020 թվականին ՊԵԿ-ում եւ ֆինանսների նախարարությունում վճարված պարգեւավճարների չափի մասին:
«Օրերս այս 17 գործընկերներից մեկն ասաց, որ ոստիկանությանը պարգեւավճարներ են տվել: Ճիշտ ենք արել: Ոստիկանության էլ ավելի շատ պարգեւավճար պետք է տանք: Եվ դուք փող չե՞ք բաժանում այնտեղ կանգնած մարդկանց: Օղի եւ սնունդ չե՞ք բաժանում»,-ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կարգուկանոն է պահպանում, որպեսզի լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, ովքեր երթ են անցկացնում քաղաքի փողոցներում:
Նա բավական կոշտ քննադատեց Կոստանյանի հայտարարությունը ՊԵԿ-ում եւ ֆիննախում պարգեւավճարների մասին: Ըստ նրա՝ պատգամավորը մոռանում է, որ Հայաստանում այսօր աշխատավարձերը չեն հետաձգվում, հարկերը արդյունավետ են հավաքվում, համակարգային կոռուպցիա չկա, եւ եթե պետական կառույցները լավ են կատարում իրենց գործը, ապա նրանց աշխատողները պետք է պարգեւատրվեն: Միաժամանակ, նա հաստատեց, որ պետական կառույցների աշխատակիցներին հավելավճարների վճարումը կշարունակվի:



