ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի...

Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում վավերացրեց Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստացավ 96 կողմ, 1 ձեռնպահ ձայն։ 

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը և ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաև ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և վեճերի լուծման մեխանիզմներ։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջև ապրանքաշրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների շարժին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականին ՀՀ և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի և Չինաստանի միջև առկա են քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի հարաբերություններ։ Հոնկոնգի հետ համաձայնագրի վավերացումը դիտարկվում է նաև որպես հավելյալ խթան՝ հայ-չինական համագործակցության ընդլայնման համար։

Համաձայնագիրը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ և հազվադեպ է ենթարկվում փոփոխությունների։ Այն նախատեսում է նաև անձնական տվյալների փոխանցում կողմերի հարկային մարմիններին՝ հարկային թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։ 

Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն պահից, երբ կողմերը փոխանակեն դրա վավերացման մասին դիվանագիտական ծանուցումներ։