
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին:
Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հիմնավորումն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս տարի մարտի 20–ին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ունեցել է տհաճ, դատապարտելի միջադեպ՝ նրա նկատմամբ կիրառելով ակնհայտ խտրական վերաբերմունք»,–ասաց Թագուհի Թովմասյանը:
Ըստ նրա՝ պատգամավորը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, նաև չի հարգել հանրության բարոյական նորմերը, թույլ է տվել ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով նախատեսված դրույթների խախտում: Թովմասյանի խոսքով՝ մասնավորապես խախտվել են ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 3–րդ հոդվածի 2–րդ և 8–րդ կետերը: 2–րդ կետը սահմանում է, որ պատգամավորի էթիկայի կանոններից է հարգել հանրության բարոյական նորմերը, 8–րդ կետը՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները ցանկանում են ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ գնահատական տալու Անդրանիկ Քոչարյանի վարքին: Ըստ Թովմասյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է կրել պատասխանատվություն պատգամավորի վարքի վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հորդորեց զերծ մնալ ժամանակավոր հանձնաժողովի կազմումից: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ հանձնաժողովը պետք է կազմվի խմբակցություններում պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն՝ առաջարկված 5–հոգանով խմբում հնարավոր է, որ մեծամասնության քանակն ավելի շատ լինի: Եթե առաջնորդվենք այս կանոնակարգով, մեծամասնության գործունեությունից է կախված լինելու թե որոշումների կայացումը, թե հանձնաժողովի աշխատանքի կենսունակությունը»,–ասաց Ղազարյանը:
Իշխանությունը մտադիր է էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորել: Նա նշեց, որ մշտական հանձնաժողովի անդամների քանակությունը լինելու է պարիտետային սկզբունքով: Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովի կենսունակությունը, գործունեությունը և չափորոշիչները հենց հիմա մշակվում են, շուտով կլինեն: «Չշտապենք, այս փուլում զերծ մնանք ժամանակավոր հանձնաժողովի կազմումից»,–նշեց Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչև այս նստաշրջանի ավարտը առնվազն առաջին ընթերցմամբ ընդունելու են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ: Նա ևս նպատակահարմար չհամարեց ընդդիմության առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա լինելու է մեծամասնության հանձնաժողով:
«Ինչ վերաբերում է կոնկրետ պատգամավորի վարքագծին, ապա, եթե պատգամավորի վարքագծում սա պարզապես սայթաքում չէ, մեկ անգամ տեղի ունեցած դեպք չէ, պարբերաբար կրկնվելու է, վաղը մյուս օրն այդ էթիկայի հանձնաժողովը ձևավորվելու է, այդ մարդը վաղ թե ուշ հայտնվելու է էթիկայի հանձնաժողովի տիրույթում»,–ասաց Վարդանյանը:
Երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում նախագիծը հավանության չարժանացավ: