Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջ...

Ռուսական գազի առաջին մատակարարումներն Իրան՝ Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով, կսկսվեն արդեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով. այժմ գնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ։

«Այս տարի կիրականացվի այս նախագծի առաջին մասը, որը հիմնված է առկա ենթակառուցվածքների վրա, և Իրանին գազի մատակարարումները կկազմեն մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր», - ասել է նա։

Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ մատակարարումները պետք է սկսվեն արդեն այս տարի, երբ կողմերը համաձայնության գան գնի շուրջ։

«Գինն այժմ միմյանց հետ համաձայնեցնում են ընկերությունները, նրանք զբաղված են գինը համաձայնեցնելով։ Մենք չենք միջամտում ընկերությունների միջև առևտրային հարաբերություններին։ Ընկերություններն այժմ հենց դրանով են զբաղված՝ ընտրելով օպտիմալ գին», - նշել է Ցիվիլևը։

Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադն իր հերթին ասել է, որ գործարքը ներկայում վերջնական տեսքի չի բերվել, բայց աշխատում են այն որքան հնարավոր է շուտ համաձայնեցնել։

Հունվարին Ցիվիլևը հայտարարել էր, որ Մոսկվան ու Թեհրանը համաձայնեցրել են Ադրբեջանի տարածքով Իրան գազատարի երթուղին, և մատակարարումների գնի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։ Առաջին փուլում մատակարարումների ծավալները կարող են կազմել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր՝ դրանք 55 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հեռանկարով։

Ապրիլին ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանը պատրաստել է անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքը իր տարածքով ռուսական գազի տարանցման համար, հարցը լուծված է 90%-ով։