ԱԺ հանձնաժողովն ընդունել է ռազմական գործողութ...

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը նշել է, որ ներկայում ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց հետ կապված իրավահարաբերությունները համապարփակ կերպով կարգավորված չեն, մի շարք առանցքային հարցեր բաց են մնացել, իսկ որոշ դրույթներ տարբեր իրավական ակտերում ամրագրված են մասնակի և չհամակարգված ձևով։  

«Այդ պատճառով անհրաժեշտ է ընդունել առանձին շրջանակային օրենք, որը կապահովի ոլորտի ամբողջական իրավական կարգավորումը»,- ասաց Գալյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում է «անհայտ կորած անձ» հասկացությունը։

«Այդ կարգավիճակ կարող են ունենալ ինչպես զինծառայողները, այնպես էլ զինծառայության մեջ չգտնվող այլ անձինք, այդ թվում՝ կամավորականները, որոնք անհետացել են ռազմական գործողությունների ընթացքում կամ դրանց հետ կապված պայմաններում՝ պաշտպանության գործողություններին մասնակցելիս, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդած խաղաղ պայմաններում»,- նշեց Գալյանը։

Նախարարն ասաց, որ նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքները։ «Մասնավորապես՝ ընտանիքի անդամներն իրավունք կունենան ստանալ հավաստի տեղեկություններ անհետացման պատճառների ու հանգամանքների, գտնվելու վայրի, մահվան դեպքում՝ մահվան հանգամանքների և հուղարկավորման վայրի վերաբերյալ, ինչպես նաև ստանալ մարմինը կամ մասունքները։

Նախագիծը կարգավորում է նաև անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացը և դրա դադարեցման հիմքերը։ Ըստ նախագծի՝ հետախուզման դիմումը կարող է ներկայացվել լիազոր մարմին՝ ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո տվյալները մուտքագրվում են միասնական ռեեստր։

Սահմանվում է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ առկա վիճակի մասին տեղեկատվությունը պետք է ներկայացվի 15-օրյա պարբերականությամբ։ Հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրի, հուղարկավորման վայրի կամ մարմնի մասունքների հայտնաբերումից հետո երեք օրվա ընթացքում, սակայն դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում, եթե մարմինը չի հայտնաբերվել, որոնումը չի դադարեցվում»,- նշեց նախարարը։

Գալյանի խոսքով՝ որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Ըստ նրա՝ նախագծով հստակեցվում են վերջինիս լիազորությունները՝ ներառյալ որոնողական գործընթացի համակարգումը, տեղեկատվության հավաքագրումն ու ստուգումը, ընտանիքի անդամների հետ հաղորդակցումը և նույնականացման գործընթացը։

«Նախատեսվում է նաև ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի կլինեն ընտանիքի անդամներին, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։

Նախագծով սահմանվում է սոցիալական աջակցության և արտոնությունների լայն շրջանակ։ Մասնավորապես՝ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքին կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն, բնակարանային աջակցություն, կրթական արտոնություններ, կենսաթոշակ և նպաստներ, հարկային արտոնություններ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական օգնություն։

Բացի այդ, նախատեսվում է, որ անհայտ կորելու փաստով քրեական վարույթի նախաձեռնման դեպքում քննիչը դատարանի միջոցով կարող է ստանալ հեռախոսազանգերի և տեղաշարժի տվյալներ՝ որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասաց Գալյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների, հասարակական կազմակերպությունների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, իսկ ներկայացված դիտողություններն ու առաջարկները ներառվել են վերջնական փաթեթում։