Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի պատրաստած զ...

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների:  

Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք հիմա Ազգային ժողովի աշխատակազմի հետ պայմանավորվել ենք, որ 16 հազար էջից բաղկացած նյութերը պետք է տեղափոխվեն 1-ին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական կառույցներին, որոնք դրանք ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան՝ Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ հույժ գաղտնի զեկույցը շատ կարևոր է դասեր քաղելու և եզրակացություններ անելու համար:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: