Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ շատ է կարևորում ազգային ստադիոնի կառուցումը.
«Բայց նաև լավ պատկերացնում ենք, որ դա հսկայական միջոցների ներդրում է, ու պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցմանը, ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողի կողմից», - ասաց նա։
Վանեցյանի խոսքով՝ սկզբում քննարկվել է այն Երևանում կառուցել, սակայն հետո որոշվել է ստադիոնը կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում։
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց ստադիոնը կառուցել մարզում, Վանեցյանը պատասխանեց. «Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է ու եթե մարզում կարողանանք կառուցել ազգային ստադիոնը, բնականաբար, կողքին կկառուցվեն ևս այլ օբյեկտներ ու այդ քայլով մենք կաջակցենք մարզերի զարգացմանը։ Ամեն օր աշխատում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ լինի:
Մենք հիմնականում մարզերում այս տարի կառուցելու ենք շուրջ 76 փոքր դաշտ, որոնք նվիրելու ենք համայնքներին, դա հսկայական ներդրում ու աշխատանք է, որ կատարելու է ֆեդերացիան ու, կարծում եմ, այդ քայլով մենք կարողանալու ենք մեր մարզերում բնակվող երեխաներին օգնել, որ նրանք զբաղվեն ֆուտբոլով», - ասաց ՀՖՖ նախագահը։



