Այստեղ ենք՝ ՍԴ բնականոն աշխատանքն ապահովելու...

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հավաք է իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց: Նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը նշում է՝ իրենք նպատակ չունեն խոչընդոտել դատարանի բնականոն աշխատանքը, ընդհակառակը՝ այնտեղ են, որ իրենց ուժերով ապահովեն սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը:

Ըստ Մալյանի՝ Հայաստանում սահմանդրական կարգը տապալված է իրենց ժողովուրդ ինքնահռչակած մի խումբ ոջլոտ անլվաների կողմից, որոնց «զոռբայությունը» և լաչառությունը հարկադրվում են ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«ՎԵՏՕ»-ի ղեկավարը նաև նշեց՝ Հայաստանում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների, իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծուների և դրանցով պայմանավորված հետագա սրացումների, լարվածության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով շտապ հավաքի մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.

«ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի:

Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է, թքած ունենալով Սահմանադրության և օրենքի վրա, ինքնահռչակվել իր երազած պաշտոնին»: