Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հան...

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է.

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ հերթական քառօրյան և լքեց նիստերի դահլիճը` մեկնելով Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր:

Ի թիվս այլոց և նախկինում հնչած նույնաբովանդակ ձևակերպումների` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ «...ընդդիմությունը չի աշխատում»:

Ամենևին չցանկանալով պատասխանել կամ առավել ևս արդարանալ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն «աշխատել» բառի, գաղափարի իր պատկերացումն ունի, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հստակեցնել մեր հայրենակիցների համար, որ այսօր իրավիճակին համարժեք չի աշխատում հենց քաղաքական մեծամասնությունը և մեր բոլոր նախաձեռնությունները մերժելով` չի անցկացրել որևէ հրատապ քննարկում, արտահերթ նիստ` Արցախի և Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևորագույն հարցերով:

Փոխարենը, պարբերաբար կրկնում են, որ «վերջին ժամանակահատվածում իրավիճակը գրեթե միշտ լարված է եղել, և եթե շարունակի լարված մնալ, ի ՞նչ է, չե ՞նք աշխատելու»: Իհարկե աշխատելու ենք, սակայն հարկ է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախ ընդունի, որ իրավիճակի լարվածության հիմնական պատճառները մեր պետության անվտանգային խնդիրներն են, և քայլեր ձեռնարկի:

2021 թ. օգոստոսի 30-ին անհայտ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպման ժամանակ մենք ֆիքսեցինք` մեկ տարի է, ինչ իշխող ուժը «թմբկահարում է», որ աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ: Սակայն փաստերն այլ իրականություն են ներկայացնում. գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով` որպես օրենքով սահմանված կարգով գործող և իր կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնող մարմին, չկա, և ո՛ւթ ամիս է անցել այդ օրից, չի՛ ստեղծվել որևէ հանձնաժողով և որևէ աշխատանք չի՛ կատարում (թեև համացանցում երբեմն շրջանառվում են գրառումներ` գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ):

Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ 2022 թ. մարտի 1-ին խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև խորհրդարանական արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ. այն բանավոր հետաձգվեց` Ալեն Սիմոնյանի, որն, ի դեպ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, Բալի մեկնելու պատճառաբանությամբ: Մենք համաձայնեցինք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը ընտրի, նշանակի օրը: Սակայն մինչ օրս նրանց կողմից պատասխան չենք ստացել:

Այսքանից հետո տեսանելի է` ո՛վ չի աշխատում հանուն Արցախի և Հայաստանի: