Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը․«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»:
Հիշեցնենք, որ օրերս հոդվածով հանդես էր եկել «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանը՝ նշելով. «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել․«Հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը: Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»:
Նշենք, որ Արա Չալաբյանը Կենտրոնական բանկում աշխատում էր 1999–ից։