Այսօր ՀՀ-ն ոչ միայն անկախ պետություն է, այլև...

Իմ տպավորությամբ՝ Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում կամ մեզ մեղադրում են, որ մենք շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նրանց առաջնորդած ուժերին: Վերջին արձագանքներն այն մասին են, որ մարդիկ, ասում եմ՝ մեկ-մեկ տպավորություն է, որ շատ հարմար տեղ է դա ձեզ համար, ու այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի իրական պրոբլեմները, որ կան, որ պետք է քննարկենք, լուծումները, բանաձևերը գտնենք, դրանից խուսափենք: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

«Իրականում պրոբլեմն ուրիշ տեղ է: Պրոբլեմն այն է, որ խորհրդարանական երկրի կառավարման առանձնահատկությունն այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունը և ընդդիմությունն են: Իմ տպավորությամբ, սակայն, իրոք այդ թնջուկը պիտի լուծվի, և այդ թնջուկը լուծելու ճանապարհն այն է, որ (շուտով խոհրդարանական ընտրություններ են լինելու) այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդարանում: Սա է լուծումը: Քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է: Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ խնդիրը լուծվի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրություններին խնդիրը պետք է լուծվի մի պարզ պատճառով. որովհետև այս քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները «ենթադրաբար ազդեցության գործակալներ են ՀՀ-ում»:

«Ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ՝ ենթադրաբար, այլ երկրի ազդեցության գործակալները, ուզում են զզվանք, քամահրանք ներշնչել այսօրվա ՀՀ-ի նկատմամբ:

Ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի և այսօրվա թվականի տարբերությունների միջև, որովհետև 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկված անձինք: Այսօր Հայաստանն անկախ պետություն է: Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանն ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել»,- ասաց նա: