
Դավիթ Կարապետյանը գրում է․
Ողջո՛ւյն, սիրելի՛ էջմիածինցիներ, թանկագին խոյեցիներ, Ոսկեհատի հարգելի՛ ընտրողներ, նոյեմբերի 16–ին Վաղարշապատում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Դրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Լինելու են համապետական նշանակություն ունեցող ընտրություններ, որոնք գտնվելու են հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում։
Օրվա իշխանությունը գնացել է շուստրիության։ Շատ լավ հասկանալով, որ Էջմիածնում իրենք շատ ցածր վարկանիշ ունեն՝ արհեստականորեն որոշել են Խոյ համայնքը միացնել Էջմիածնին։ Իրենց կարծիքով Խոյում իրենք ընտրողների քվեներն արդեն ունեն իրենց գրպանում, և դրա միջոցով կարող են պահել աթոռն Էջմիածնում։
Մենք՝ խոյեցիներս, պետք է մերժենք «Քաղաքացիական պայմանագրին» և ցույց տանք, որ արժանապատվությունը բարձր ենք դասում վարչական ու այլ տիպի ճնշումներից, ընտրակաշառք հիշեցնող անորակ ասֆալտից։ Պետք է ցույց տանք, որ մեզ իրենց գրպանում համարողներն իրե՛նք են հայտնվելու այլ գրպաններում։ Ես՝ որպես Ծաղկունք համայնքի երկարամյա ղեկավար, շատ լավ եմ ճանաչում մեր ժողովրդին ու համոզված եմ, որ խոյեցիներն իրենց խոսքն ասելու են՝ մերժելով ուրացումը, անարդարությունը, անգրագետ կառավարումը։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այս ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է կուռ թիմով, Էջմիածինը հայության հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակին հարիր ծրագրով, Խոյ համայնքի գյուղացիներին հուզող խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներով։ Ինքս «Մայր Հայաստանի» մեծ ընտանիքի մաս եմ կազմում։ Մենք ընտրությանը մասնակցում ենք ՔՊ–ին հեռացնելու և համայնքում նոր իշխանություն ձևավորելու նպատակով։
«Մայր Հայաստանի» թիմակիցներով օրերս անցել ենք Էջմիածնի փողոցներով ու բակերով, մտել ենք տնից տուն, շփվել ենք շարքային քաղաքացիների հետ։ Հավաքել ենք հազարավոր ստորագրություններ՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու։ Ստացել ենք մեծ էներգիա մեր ժողովրդից։
Վստահաբար պնդում եմ, որ մարդիկ տանել չեն կարողանում այս իշխանություններին, փոփոխություններ են պահանջում։ Մենք պարտավորվել ենք պայքարել ու փոխել մեր համայնքում, մեր երկրում ստեղծված իրավիճակը։
Ընտրություններին ակնկալում ենք մեր ժողովրդի ակտիվ մասնակցությունը և միասնականությունը՝ փոփոխության հասնելու հարցում։
Միացի՛ր, որ փոխենք։