Իջևանում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մարզում առաջարկում են շուրջ 200 աշխատատեղ՝ օրական 8 000-15 000 դրամ աշխատավարձով: Այդ մասին հայտարարեց նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Politik.am-ը փորձել է պարզել՝ աշխատանքների մասին հայտարարություններից մոտ 2 շաբաթ անց ինչ պատկեր է տիրում Տավուշում, կոնկրետ ինչ աշխատանքներ են առաջարկում իջևանցիներին, և այս պահին քանի քաղաքացի է դիմել աշխատանքի համար:
Մեզ հետ զրույցում քաղաքացիների դիմումների հարցով պատասխանատու Վլադիմիր Խառատյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դիմել են 224 քաղաքացիներ: Մոտ 50 անձ էլ զանգել, հետաքրքրվել է՝ ինչ աշխատանքներ են առաջարկվում, և ասել, թե կմտածի:
Խառատյանը նշեց, որ դիմողները հիմնականում 20 տարեկանից բարձր անձինք են՝ երկու սեռերից՝ գրեթե հավասարապես: «Դիմող կանանց մեծամասնությունը բարձրագույն կրթություն ունի՝ ուսուցիչներ, կիրառական արվեսի ներկայացուցիչներ են, տղամարդկանց մեծամասնությունը դիմում է բանվորական ու շինարարական աշխատանքների համար»,-ասաց նա:
Վլադիմիր Խառատյանն ասաց, որ իրենք գրանցում են դիմորդի տվյալները, մասնագիտությունը և ըստ դրա՝ գտնում աշխատանք մարզի տարածքում, բայց ինքը չի տիրապետում տվյալներին, թե դիմորդներից քանիսն են ընդունվել աշխատանքի: Այդ մասին ընթերցողներին կտեղեկացնենք հաջորդիվ:
Ստորև ներկայացնում ենք հուլիսի 25-ի դրությամբ աշխատանքի համար դիմած անձանց և ընդունվածների մասին տվյալները, որոնք հրապարակել է Տավուշի մարզպետարանը:
Հուլիսի 25-ի ժ. 18.00 դրությամբ, աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։
138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։
36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։
89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման եւ աշխատանքային հարցերի քննարկման փուլում է։



