Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի
ու թվարկում դրանք՝
«1. Եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ, ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում են աշխատել։
- Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն։
Հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։
Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր՝ բարձր գրագիտության և մարդկային որակների, որոնք այլ ձևաչափերում կարող են ունենալ զգալի էֆեկտիվություն։ Սա վերաբերում է բոլոր խմբակցություններին։
Խորհրդարանից դուրս կուտակված է հանրային գործիչների, քաղաքական մտքի լուրջ ռեսուրս։ Լավ ռեսուրս կա բանտերում՝ Երևանի և Բաքվի։
Սա արդեն քաղաքագիտություն չէ, սա ֆիզիկա է, և խորհրդարանից դուրս ծանրակշիռ ռեսուրսի նժարը ճնշելու է հայրենիքի կորստի ծանր բեռով գոյատևող ներկայիս Աժ-ին։ Սա կբերի փոփոխության։
Կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը։ Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք։
Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չի տիրապետում 21-րդ դարի պատկերացումներին և աշխատանքի գործիքներին։ Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկացել, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը հենց ռուսական քաղաքականությունն է, նրա համար շատ դժվար է լինելու էֆեկտիվ որոշումներ կայացնել։
Արևմուտքի խնդիրը հետևյալն է. այն ֆիքսել է, որ հակառուսական տրամադրությունների պիկն է Հայաստանում, և փորձելու է դա նյութականացնել։
Որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները կապիտալիզացվեն, պետք է նոր քաղաքական իրողություն, նոր որակի կամ կազմով իշխանություն. ինչին և ձգտելու է Արևմուտքը։ Մենք պետք է հասկանանք մի բան. հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա ընդամենը միջոց է՝ ինչ-որ կարևոր բաների հասնելու։
Հակառուսականության նյութականացումը ենթադրում է երկու կարևոր քայլ.
- Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ կապերի խզում
- Ռուսական կապիտալի դուրս մղում Հայաստանից
Երկու պրոցեսն էլ հիմա սողալով գնում են, բայց տեմպերը կարող են շատ շուտով արագանալ։ Ռուսական կապիտալը (այդ թվում՝ ռուսահայ) պետք է սկսի հասկանալ, որ դա իրեն է վերաբերում, և որ կարող է ունենալ լուրջ հետևանքներ՝ հանքեր, բանկեր, գործարաններ, էներգետիկա և այլն։
Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Այլ հարց է, թե ինչու. դա ցավոտ հարց է, բայց դա էլ է արդեն ժամանակավրեպ։ Ուղղակի դա փաստ է, որը չի ազդելու, սակայն, ընթացքի վրա։ Սա առավելություն է տալիս իշխանություններին. նրանց կազմակերպչական ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, ինչ-որ տեղ առավելություն է տալիս այն շրջանակներին, պոտենցիալ թիմերին, որոնք ստվերային կերպով նախապատրաստվել են, կամ ունեն նման փորձ։ Բայց սա հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք պետք է գտնենք ձևը դուրս գալու ընթացիկ սողացող կործանման և իշխանության արտահերթ վերարտադրման թակարդից, որը ուղղակի արագացնելու է պետության փլուզումը։
Ելքը կախված է նրանից, թե ինչ բովանդակություն են ունենալու հնարավոր արտահերթ ընտրությունները. հենց սրա մասին՝ հաջորդիվ»։



