Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք, ոչ մի անգամ կյանքումս ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ այդ մարդուն։
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»։
Նշենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook–ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։



