Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արսեն Աղաջանյանին ճանաչում եմ վաղուց և ծանոթ լինելով նրա կազմակերպչական ունակություններին, նպատակասլացությանը և հայրենասիրությանը, ուրախացա, երբ Արսեն Աղաջանյանն առաջադրվեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ (այսուհետ՝ ՀՖՖ) նախագահի պաշտոնում:
Սակայն այն ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում, մեղմ ասած մտահոգիչ է:
Ըստ ՀՖՖ հայտարարության, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հետևաբար այն չի ընդունվել:
ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար հետևյալ պահանջը՝ մինչև թեկնածու առաջադրվելը թեկնածուն պետք է վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ֆուտբոլի բնագավառում ակտիվ դերակատարում ունենա:
Արսեն Աղաջանյանն իր կենսագրության մեջ նշել է նաև, որ Կիպրոսում 2014 թվականից ի վեր գործող «Արարատ» ֆուտբոլի ակումբի համահիմնադիրն է և Կիպրոսի՝ 2014 թվականին հիմնադրված «Ռուսալեզու Ֆուտբոլային Լիգայի» գլխավոր հովանավորն է։
10.12.2019թ. փաստաբանական հարցում է կատարվել ՀՖՖ-ին՝ Արսեն Աղաջանյանի ՀՖՖ նախագահի թեկնածությունը չընդունելու գրավոր պատճառաբանությունը և մյուս բոլոր թեկնածուներին վերաբերող փաստաթղթերի պատճեններն ստանալու պահանջով: Մի քանի այլ թեկնածուներ, որոնց թեկնածությունը գրանցվել է, ֆուտբոլի հետ առնչության մասով ընդհանրապես տեղեկություն չեն նշել:
Առ այսօր ՀՖՖ-ն չի տրամադրել մերժման պատճռաբանությունը, ինչպես նաև պահանջվող մյուս փաստաթղթերը: Ավելին, մի քանի օր է, հնարավոր չի լինում խոսել պատասխանատու աշխատակցի հետ վերոհիշյալ հարցերը պարզելու համար:



