Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կ...

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները: Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ:

Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարներին՝ անձնազոհ աշխատանքի համար:

Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս չեն տալիս իրենց արդյունքը:

Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը:

Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկցել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:

Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում, որը կանխելու ուղղությամբ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր՝ բնակիչների շրջանում իրազեկումից մինչև քննության պատշաճ իրականացում:

Այլապես, ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը, ահռելի վնաս է հասցվում էկոհամակարգին»,-գրել է նա: