Այն իշխանությունը, որը եկել է ատելության խոսք...

«Այսօրվա դրությամբ անհնար է գտնել լծակներ, որոնք կզսպեն ատելության խոսքի տարածումը, որովհետև այն իշխանությունը, որը եկել է ատելության խոսքի տարածմամբ, չի կարող հրաժարվել իր գործիքակազմից, քանի որ հենց դրանով է առաջնորդվել՝ ստանալով հասարակական կարծիքի ձևավորման հնարավորություն և ստանալով մերժողական քաղաքական վարքագծի ձևավորում»,-այս կարծիքը այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտնեց  Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:

Վերջինիս խոսքով՝ պարզ է, որ իշխանությունները շարունակելու են այս վարքագիծը, որովհետև ատելությունը և քննադատությունը այսօրվա դրությամբ ցանկացած հասարակության կողմից պահանջված են ավելի շատ, քան կառուցողական քննարկումը: «Մենք միշտ եղել ենք դեմ, ընդդեմը ավելի հեշտ է, քան հանունը, դրա համար ատելության խոսքը նրանք կշարունակեն կիրառել»,-նշեց նա:

Լիկա Թումանյանը նաև անդրադարձավ Antifake.am-ի՝ համացանցում հայհոյող կանանց մասին հոդվածների շարքին: Դիմելով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար և Antifake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին՝ Լիկա Թումանյանն ասաց.«Այն ամենը, ինչ Դուք անում եք, ունի շատ հստակ ձևակերպում հոգեբանության մեջ: Հայտնի է, որ զանգվածային վարքագծային կառավարումը ունի երկու ձև՝ օրենսդրական և սոցիալմշակութային՝ ավանդույթների վրա հենված: Այն ունի հետևյալ հերթականությունը՝ ամոթանք տալ, մեղադրանք տալ, իսկ հետո, արդեն, վախեցնել: Սրանք այն երեք ձևերն են, որոնք օգտագործում են, օրինակ, ծնողները՝ իրենց երեխաներին դաստիարակելիս: Հենց այդ մոդելն է, որ այսօրվա դրությամբ հայ հասարակության մեջ շատ ակտիվ և կիրառական է, չնայած, կարող է օրենսդրորեն չընկալվել որպես ճիշտ լծակի ձև, այնինչ մենք տեսնում ենք, որ այս ձևը բավականին արդյունավետ է: Եթե սոցիալմշակութային ձևերն ավելի արդյունավետ են, ինչու՝ ոչ»: