Այդ պրանկերները թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի ա...

Այդ պրանկերները թող զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից, տեսնենք՝ այդ մարդը ուրի՞շ բան կասի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ռուս պրանկերների կողմից հրապարակված ձայնագրությանը, որում ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրան Կաթողիկոսին հեռացնելու գործում:

«Ինչ-որ մարդիկ զանգել են ինչ-որ տեղ, հիմա հարց, եթե այդ մարդիկ հանդես գային Կտրիճ Ներսիսյանի անունից, այդ մարդը ուրիշ բա՞ն էր ասելու: Հայաստանում ասում են՝ թուրք պաշտոնյան, իսկ կներեք, որ Ստամբուլում պատրիարքարանի դռները իմ այցի ժամանակ փակել էին, ինչու՞ ոչ ոք չասաց, թե Թուրքիայում՝ թուրք պաշտոնյաների աջակցությամբ, առաջնորդարանի դռներ են փակվել, թե՞ այդ ժամանակ բոլորը մոռացել էին:

Կամ ինչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը, դա լրացուցիչ էմոցիա է, օրինակ՝ կարդում ես վերնագիր, գրված է «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ օրինակ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է, դա Հայաստանում արտաքին գործոնների կողմից վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշ է: Այդ պրանկերները թող մի հատ էլ զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից խոսեն այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնենք, թե այդ պաշտոնյաները ինչ կասեն»,- նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, երեկ մամուլում ձայնագրություն էր տարածվել, որում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն էր հայտնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն էր արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել էր Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։