ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2005-2017 թվականներին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր հետ փոխկապակցված անձի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Մասնավորապես` պարզվել է, որ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2011 թվականին կազմակերպել է 17․440․000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող 5․0 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ, որում ներգրավել է իր հետ փոխկապակցված անձին՝ այդ կերպ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական արգելքը: Արդյունքում՝ հողամասն օտարվել է նշված անձին, իսկ դրա նկատմամբ սեփականության իրավունքը հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է համայնքի ղեկավարի կնոջը։
Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած անձին։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



